Չարենցավանի մասին.

Ուրբանիստական տպավորություններ արդիականությունից հետո:
Արամ ՎԱՐՏԻԿՅԱՆ
 Sociologist, PhD, Professor (Assistant) of Yerevan State University.
Գլուխ 1.
Քաղաքային հրապարակը
Հայկական Վիքիպեդիան հակիրճ հայտարարում է՝ Չարենցավան, քաղաք Հայաստանի հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 12 կմ հարավ-արևմուտք:
Սա նախկին խորհրդային Լուսավանն է՝ բանավան, լույսի քաղաք, քաղաք, որը Սովետական պետությանը լույս կտա և այդպիսով համապատասխանում է սովետական արդյունաբերական արդիականացման կուռ և հաստատ տրամաբանությանը: Սա քաղաքի միակ առաքելությունը չէ: Շուտով քաղաքի հյուսիսային արվարձանում, բերված տրամաբանությանը համապատասխան, առաջանում են ծանր արդյունաբերության սովետական գործարանները, իսկ քաղաքը արդեն արդի, արդեն բազմահարկ, արդեն նորովի է, բայց, այնուամենայնիվ, բանավան է:

Շուտով սա արդեն Չարենցավանն է՝ Չարենցի քաղաքն է: Ստալինյան մահվան մեքենայի զոհը, ժողովրդի թշնամին արդարացվել է, և ահա իրենով փոխարինում է սովետական լույսը: Նման իրավունք արդեն կա: Սովետական երկրում այդպես երբեմն լինում էր:

Քաղաքը կարծես յուրովի ածանցյալն է արդյունաբերականացման և համապատասխան արդիականացման հիմնարար արգասիքի՝ սովետական երկաթգծի: Քաղաքը ձգվում է այդ երկաթգծի երկայնքով հարավ-արևմուտքից հյուսիս արևելք: Համարյա ուղղանկյուն հատակագիծը սիմետրիկ է հարավ –արևելքից հյուսիս արևմուտք պայմանական առանցքի հանդեպ:
Մեքենան անորոշ հասցեով գնալիս զարմանալիորեն բերում է քաղաքի կենտրոն՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Կարեն Սերոբի Դեմիրճյանի անվան հրապարակ:

Այո, սա 2024 թ.-ի աշնանային ճանապարհորդության մասին է: Հրապարակը դուրս է գալիս դեպի մի այլ փառավոր բոլշևիկի՝ Ստեփան Շահումյանի՝ ընդամենը վերջերս հիմնանորոգված հանրապետական նշանակության մայրուղի: Նույն հրապարակին է հարում նախկին կայարանի դատարկ և կիսավեր կմախքը:

 Սա բրեժնևյան շրջանի սովետական, սովետական հայկական մոդեռնիզմի տիպական օրինակ է:

Ձևականորեն սովետական քաղաքացունն է հանրային արդիական բարիքների մի ողջ բազմազանություն: Եվ ահակայարանի երկրորդ հարկում՝ ֆունկցիոնալ տարածքներից վեր, ֆունկցիոնալ թոհուբոհից մի փոքր անդին նույն սովետական քաղաքացին, սովետական հայը պետք է որ կարողանա բավարարել իր կարևորագույն պահանջմունքներից մեկը: Ասում են՝ այստեղ մեծ ու ընդարձակ ճաշարանն էր: Այսօր աներևույթ ուտեստների, խմիչքներին, հանգստին, շփմանը հասնում եմ անցնելով փայտյա դարպասներով: Նմանը կա հին ու հնավուրց շենքերում, միջնադարյան վանքերում: Դարպասները կլոր են, կլոր բացառապես ուղղանկյուն տուփերում: Առաջին հանդիպումը դարպասներին անսպասելի է: Դրանք բոլորովին ծածկված են հիրավի չնաշխարհիկ՝ անցյալի հաստատ զարդաքանդակներով: Նմանը կա հին ու հնավուրց շենքերում, միջնադարյան վանքերում: Եվ ուրեմն առաջին հանդիպման զարմանքը չկա: Այն ուրեմն սպասելի է: Այդպես էլ պետք է լիներ: Այդպես եղել է:
Տեղացին ասում է՝ սա սովորական ճաշարան չէ: Սա սովորական ճաշարան չէր: Սա քաղաքի կենտրոնական՝ գլխավոր սրահն էր՝ մարդկանց հանդիսությունների սրահը: Ավանդական քեֆերն էին այստեղ, բազմաբոխ հարսանիքները: Առնվազն սուրճ ու հավատարիմ ծխախոտը պռտք է որ լրացուցիչ անգամ հաստատեին այցելու տղամարդկանց տղամարդությունը: Չարենցավանի այս սովետական, հանրային արդիականը իր պատերից ներս շարունակաբար ամրագրում էր թվում է թե անցյալի ավանդականը, խմբայինը, համայնքը:

Սովետական քաղաքացու համար բնական լույսն ափսոս չէ, սա Լուսավանն է: Մի քանի մետր բարձրության ապակե պատերից այս լույսն անարգել անցնում է ներս: Այսօրվա, անարգել քամիների ու կուրացնող մշտական լույսի գավիթը դատարկ է: Դատարկությունը չի պատմում դատարկման պատմությունը: լուսավոր ու փոշոտ դատարկությունը չի պատմում չի պատմում հոտերը, չի պատմում համերը, չի պատմում աղմուկը, հերթերը ու գուցե լարվածությունը: Լուռ ու խաղաղ է արդիականի փլատակը: Ապակիները դուրս են պրծել իրենց երբեմնի կուռ շարքերից և բաց լուսամուտները իրենց երախներով շշնջում են ՝ ոչինչ չկա, չկա, տես՝ դատարկ է: Դրսից, ԴՐՍԻՑ, անատամ պարսպի այն կողմից ընդամենը կոչ է՝ Քվեարկում ԵՄ:

Շենքի առաջին հարկը ավանդական է՝ հայկական: Երբեմն սրան ասում են նեո-հայկականություն: Վանքերի և եկեղեցիների հինավուրց կամարների նմանակներն իհարկե նոր բետոնից են, բայց պատված են վանքերի և եկեղեցիների՝ մեր՝ հայկական տուֆով: Կայարանը հայկական է. հիմքը հայկական է:

Շենքը կոնսերվացված է: Այն փակ է բոլոր կողմերից: Մենք մտնում ենք հետնամուտքից՝ ինչ-որ վարչական սենյակի ավերված լուսամուտախորշից, որի գարշանքը լավագույն կողպեքն է:


Մենք հնէաբան ենք: Սովետական վարչարարությունը, առօրեականությունը, արդյունաբերական և հասարակական գրավչության ձևերի մնացորդները մեր առջև են՝ փայտե մանրահատակ, կանաչ, հաստատ սովետական հանրային պաստառներ (դրանք տանը հնարավորության դեպքում խուսափում էին սոսնձել պատերին), ծաղկավոր, գիպսե զարդասվաղը տեղ-տեղ չի դիմացել՝ ոտքերիս տակ է: Բակն ամայի է: Դատարկությունը պատմում է իր մասին:
Շրջանցենք և վերադառնանք հրապարակ: Այն իր տեղում է: Ամբողջ ուժով ենթադրում է տարածական սիմետրիա: Կայարանից ձախ՝ եղեվնիների հետևում, քաղաքային վարչությունն է՝ կարմիր տուֆով պատված, սովետական մոդեռնիզմի և կլասիցիզմի՝ ժամանակին տարածված նմուշ:

Մենք սովոր ենք այս ձևին: Տարօրինակություն, լարվածություն, անորոշություն գոյություն չունի: Այն հաստատ է նաև այսօր: Կայարանի դիմաց սփռված է սիմետրիկ մշակույթի տունը: Սա արդեն հաստատ, առանց ածանցյալների և նորամուծությունների, սովետահայկական ուշ կլասիցիզմ է: Իհարկե, հավակնություններն առ ամպիր զուսպ են՝ ծայրագավառին համապատասխան: Հրապարակին է անտարբեր նայում մելանխոլիկ պոետը: Ամեն ինչ կարգին է՝ չունի ոտքեր:

Կայարանի անատամ կմախքից աջ սովետական գաղափարաբանական սիմետրիան արդեն հաստատ խախտված է: Վարչության դիմաց կանգնած է էկլեկտիկ, հետսովետական, տեղական կիսակապիտալիզմի ամրոց՝ հանդիսությունների սրահ «ՍԱՖԱՐԻ»: Կողքից՝ երկրորդական մուտքի մոտ, կանգնած է մի ամբողջ ՄԱՅԲԱԽ:

Սիմետրիան էլ ավելի է ծռվում. վարչության դիմաց ծվարած են երկու սպիտակ, անպայման սպիտակ պետական ՆԻՎԱՆԵՐ:
Դժվար թե բազմահարկ մուգ ապակիներով տրավերտինե, թե պեռլիտե պալատի այցելուն եկել է որսի: Սա ոմն ազդեցիկ Նոր Սաֆարյանի գրավիչ շուկայականացումն է:

Ուղղանկյուն հրապարակի կենտրոնում (համենայն դեպս ի սկզբանե հավանաբար այդպես էր նախատեսված) անհասանելի շատրվանն է շրջանաձև ավազանով: Սրա շնորհիվ թվում է՝ հրապարակը նույնպես կլոր է:

Աշուն է, շատրվանը չոր է: Ամռանը ջուրը թափվում է քրքրված, պատառոտված մետաղական հանդերձանքի միջից: Տեղացիները պատմում են, որ ամռանը և հատկապես երեկոյան հրապարակն արթնանում է: Տեղացիները պատմում են, որ բազմաթիվ տեղացիներ զբոսնում են անդադար լուսավոր, այս անգամ նաև գունավոր հրապարակում:

Երկու ճառագայթ պետք է որ դատարկ կայարանի աներևույթ գնացքի ուղևորին տանեն դեպի քաղաքի խորքը: Դեպի ձախ Կարեն Դեմիրճյանից դուրս է պրծնում ևս մի բոլշևիկ՝ Աղասի Խանջյանը: Սա քաղաքի, հավանաբար, կենտրոնական փողոցն է և, հավանաբար, կենտրոնական հանրային վայրը: Այն միացնում է կայարանը նույնապես դատարկ ու ամայի ՉԱՐԵՆՑԱՎԱՆ կինոթատրոնին:

Ոչ, այստեղ ընդարձակ լուսամուտների ապակիները իրենց տեղում են: Ըստ նույն տեղացիների, այն անցել է Հայ առաքելական եկեղեցուն, որպեսզի Եհովայի վկաները՝ եհովաները, հավաքվելու տեղ հանկարծ չունենան:

Երկրորդ ճառագայթն ուղղված է դեպի հյուսիս-արևելք: Հայ մեծանուն ու սիրելի գրողը նույնպես սկսվում է կոմկուսի Կարեն Դեմիրճյանից և չի տանում քաղաքի հանրային կենտրոն, ուր կինոթատրոնն է իր անվնաս ապակիներով: Այն զգուշորեն անցնում է մշակույթի և ՍԱՖԱՐԻ պալատների միջով և, վերջիվերջո, միանալով կրկին բոլշևիկ Գայի փողոցին, դուրս է գալիս երբեմնի փառավոր գործարանների արվարձան:


Վերջ առաջին մասի: Շարունակելի…